haykakan gampr masin



Հայկական գամփռը հայկական բարձրավանդակի բնիկ շնացեղատեսակ է։
Հայկական բարձրավանդակը քաղաքակրթության օրրաներից է։ Անհիշելի ժամանակներից մարդիկ այստեղ ընտելացրել և օգտագործել են բազմաթիվ կենդանիներ՝ շներ և կատուներ, այծեր և ոչխարներ, ձիեր և էշեր, նույնիսկ որսահալած լուսաններ և այլն։ Գամփռն առանձնանում է այս բոլոր կենդանիներից, քանի որ նա մարդուն ուղեկցել է ամենուրեք՝ անասնապահության և հողագործության ժամանակ, որսորդության և կենդանիներ ընտելացնելիս, ստեղծագործելիս, պատերազմելիս և հանգստանալիս։
Հայկական բարձրավանդակն ամբողջովին մասնատված է լեռնաշղթաներով, անդնդախոր ձորերով, լեռնային գետերով, տափաստաններով, ալպիական մարգագետիններով։ Այս համեմատաբար փոքր տարածքում առկա են մոլորակի բոլոր կլիմայական զոնաները։ Ծովի մակարդակի նկատմամբ բարձրության փոփոխության հետ փոխվում է ամբողջ շրջակա միջավայրը՝ բուսական և կենդանական աշխարհը։ Չնայած կլիմայի բազմապիսությանն ու խստաշնչությանը, հայկական բարձրավանդակում մարդն ապրում է ամենուր։ Եվ գամփռը, իրեն հատուկ հավատարմությամբ ու հարմարողունակությամբ, հետևում է իր համառ տերերին ամենուր։
Հայկական գամփռը առանձնահատուկ շնացեղատեսակ է, որը ձևավորվել է հազարամյակների նպատակաուղղված անխոնջ բուծման, յուրահատուկ բնակլիմայական ընտրության, ու արտաքին աշխարհից մեկուսացման պայմաններում։
Գամփռներն աշխատանքային շներ են, հիմնականում օգտագործվել են որպես հովվաշներ, պահապաններ, որսաշներ, պատերազմի շներ, փրկարար շներ, անխոնջ աշխատավորներ, ընտանիքի լիիրավ անդամներ։ Մարդկանց հավատն ու սերը հավատարիմ կենդանիների նկատմամբ եղել է անվերապահ և անսահման։
Հայկական բանահյուսությունում միշտ գովերգվել է Գամփռը առասպելական խիզախության, իմաստության, ուժի, գեղեցկության, ազնվության և անսահման հավատարմության համար։ Մարդիկ այնքան են կապված եղել շներին, որ ունեցել են իրենց շուն աստվածը՝ Արալեզը, որը կարողացել է լիզելով ապաքինել վերքերը և վերակենդանացնել մարդկանց, հիրավի շնական առաքելություն…Հայոց ազգի հինավուրց պատմության և մշակույթի մեջ գամփռն ունի իր վաստակած կարևոր և ուրույն դերը։
Ներկա ստանդարտի նպատակն է տալ ընդհանուր տեղեկություններ հայկական գամփռի պատմության և որակների մասին, օգնել նրանց՝ ովքեր բուծում և ցուցադրում են, ապրում և աշխատում են այս շների կողքին։ Վարքագծի և արտաքին տեսքի նկարագրությունը ընդհանուր ուղեցույց է բուծման և որակավորման համար։Վարքագիծը
Գամփռին ամենադիպուկ բնութագրում է իր բնավորությունը,
  • պարզունակ բնազդներ
    Շների ժամանակակից ցեղատեսակների հետ համեմատած՝ գամփռն ունի շատ պարզունակ բնազդներ, որն ավելի հատուկ է վայրի կենդանիներին։ Այդ պարզության մեջ ընդգծված կերպով խտացել և մաքրվել է միայն գերշանն անհրաժեշտ հատկությունները։
  • հանգիստ ներվային համակարգ
    Գամփռին ոչնչով չես զարմացնի, նա ամեն ինչ տեսել է և պատրաստ է ամեն ինչի։ Ամենաահարկու գամփռն իր տարածքը ներխուժած օտարին ոչնչացնելուց առաջ անպայման կփորձի պարզել, արդյոք վտանգն իրակա՞ն է։ Կատաղած գամփռներ չեն լինում, բազմադարյա իմաստությունը սովորեցրել է՝ կատաղածները կենսունակ չեն։ Հեշտությամբ ընկալում և ընդունում են ամեն նոր բան։
  • ինքնուրույն որոշումներ
    Բարդ կյանքի ընթացքում երբեմն հայտնվում ես դեմհանդիման այնպիսի վիճակների, երբ հարկավոր է միակ ճիշտ լուծումը ընդունել։ Գամփռը լիովին յուրացրել է այս իմաստուն հնարքը, միշտ չէ, որ «ամենակարող» տերը կողքիդ է։ 
  • Արտաքին տեսքը
    Ի տարբերություն ժամանակակից այլ շների ցեղատեսակների, գամփռի արտաքին տեսքը՝ ձևը, չափը, գույնը, կարող է միօրինակ չլինել, այլ տարբերվել շրջանից շրջան։ Ներկա ստանդարտի նպատակն է տալ արտաքին տեսքի՝ գամփռին բնորոշ ընդհանուր նկարագիր, հիմնական ուշադրությունը սևեռելով գամփռի անկրկնելի աշխատանքային ընդունակությունների և վարքագծի, բնավորության վրա։
    Գամփռները խոշոր չափի շներ են, մկանոտ, ամուր ոսկորներով, հզոր գլխով, կրկնակի բրդով, համաչափ զարգացած մարմնով։ Մարմնի ձևը երկարավուն է։ Չնայած խոշոր չափերին՝ շունը չի թողնում ծանր շան տպավորություն։ Շարժումները թեթև են, համաչափ և սլացիկ։ Գամփռի չափերի մասին իրական տպավորություն է ստեղծվում միայն հանգիստ վիճակում գտնվող շանը մոտիկից ուսումնասիրելիս կամ համեմատելիս ուրիշ կենդանու կամ առարկայի հետ։ Բարձր լեռնային գոտիներում հիմնականում գերակշռում են խոշոր, երկարամազ շները, տափաստանային դաշտերում ավելի թեթև ոսկրային կառուցվածքով կարճամազ գամփռներ։
    Առաջին հայացքից գամփռի արտաքին տեսքը կարող է հրապուրիչ չթվալ՝ կոպիտ պարզունակ ձևեր, կոշտ մազով մորթի, հանգիստ ժամանակ ալարկոտ և ոչ գեղանի շարժումներ։ Դա բոլոր բնական ցեղատեսակների առանձնահատկությունն է, ամեն ինչ հարմարված է կենսունակությունը բարձր պահելու համար։ Կոշտ մազերը պաշտպանում են ցրտից, շոգից, քարերից, մացառներից, հակառակորդի ատամներից ու այլ արտաքին վտանգներից։ Մորթու տարբեր գունավորումը հնարավորություն է տալիս ձուլվել տարբեր բնապատկերների։ Ավելորդ շարժումների իսպառ բացակայությունը հնարավորություն է տալիս քիչ սնունդ օգտագործելով հսկա մարմինը պահել աշխատունակ։
    Գլուխը - Խոշոր, հատու գծերով, լավ լցված, ուճեղ զարգացած, բայց չարտահայտված այտոսկրերով, առանց չորության նշանների, տպավորիչ։ Գանգամասը լայն է, փափուկ անցումով ճակատից դեպի մռութ։ Գամփռին բնորոշ են հզոր ծնոտներ։ Գլխի ընդհանուր երկարության 60%-ը կազմում է գամգամասը, իսկ մռութը՝ 40%-ը։ Ճակատը հարթ է և համարյա զուգահեռ քթի կամրջակին։ Շրթունքները հաստ են, չոր և սեղմ։
    Ականջները - Տեղադրված են աչքերի մակարդակից մի քիչ բարձր ։
    Աչքերը - Գույնն ավելի մուգ, քան մորթու գույնը։ Համեմատաբար փոքր, նշաձև, խորը դրված, թեթևակի շեղ։ Իմաստուն, տիրական և լուրջ հայացք։ Արդեն մի քանի շաբաթական քոթոթների մոտ ի հայտ է գալիս հասուն շանը բնորոշ լուրջ և խիստ արտահայտությունով աչքեր։
    Ատամները - Սպիտակ, ուժեղ, լավ զարգացած, միմյանց նկատմամբ խիտ դասավորված։ Կենտրոնները դասավորված են մի գծի վրա։ Մկրատաձև։
    Վիզը - Հզոր, ամուր, մկանոտ, միջին թեքության և երկարության։
    Իրանը - Երկարավուն ձևի, ինդեքս՝ 108-110%։ Երկարավունությունը ձևավորվում է կրծքավանդակի հաշվին և ոչ թե գոտկատեղի։
    Կուրծքը - Լայն և խորը թեթևակի կլորացված կրծքավանդակով։ Կրծքի ներքևի եզրագիծը պետք է լինի արմունկի հոդի մակարդակից ցած։
    Փորը - Շարունակում է կրծքի գիծը, թեթևակի հավաքված։
    Մնդավ - Չափավոր նկատելի է մեջքի վրա։
    Մեջքը - Լայն, ուղիղ, մկանոտ ու ուժեղ։
    Գոտկատեղը - Կարճ և մկանոտ։
    Գավակը - Երկար, լայն և ուղիղ։
    Պոչը - Բարձր դրված, հանգիստ վիճակում կախվում է ներքև։ Դառնում է կեռաձև կամ շրջանաձև, մեջքից բարձր, երբ քայլում է կամ գրգռված վիճակում է։
    Առջևի ոտքերը - Առջևից դիտելիս ոտքերը ուղիղ են և զուգահեռ։ Թիակները երկար, թեք դրված։ Ուսի միացման մոտից թիակի և բազուկի անկյունը 108-110 աստիճան է։ Նախաբազուկները ուղիղ, հզոր, զուգահեռ դրված։ Նախադաստակներն երկար, կողքից նայելիս՝ թեք դրված։
    Հետևի ոտքերը - Ազդրերն երկար են, լայն ու մկանոտ։ Վերին և ներքին սրունքները նույն երկարության են, ծնկահոդի մոտ միանում են լավ արտահայտված կորով։ Գարշապարը լավ արտահայտված է։ Նախագարշապարն ամուր է և ուղղահայաց գետնին։
    Թաթերը - Կլոր, ամուր, հավաքված, առաձգական և փափուկ բարձիկներով։
    Շարժումները - Աշխույժ, ազատ և հավասակշռված։ Առջևի և հետևի վերջույթները շարժվում են զուգահեռ։
    Գույնը - Շագանակագույն և պտավոր գունավորումը ցանկալի չէ։
    Մորթին - Սովորաբար դեմքի, ականջների ու առջևի ոտքերի մազածածկը կարճ է։ Կրկնակի բուրդ, նախաբուրդը պետք է լինի լավ զարգացած, որպեսզի շանը պաշտպանի տարբեր կլիմայական պայմաններում։
    Չափերը - Մնդավի բարձրությունը պետք է առնվազն լինի՝ որձեր՝ 65սմ, էգեր՝ 62սմ։ Քաշը պետք է լինի համապատասխան շան ընդհանուր չափերին, սովորաբար սկսած 45-50կգ-ից, միջինը՝ 60կգ։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Վահան Տերյանի տուն-թանգարան

Վահան Տերյանի Կենսագրությունը